ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով անդրադառնում է հանրային տրանսպորտի թանկացմանը։
«Մի քանի տարի առաջ մարդիկ դուրս եկան տրասնպորտի թանկացման դեմ, շատ-շատերը, ինչպես նաև ես, դեմ էինք, որպեսզի տրանսպորտը թանկանա։ Այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ տրանսպորտի վիճակը շատ վատ էր, իսկ հիմա իրենք շատ լավ տրանսպորտ են բերել։ Պետք է թանկանա, որովհետև դուք օգտվում եք լավ տրանսպորտից։
Գիտեք՝ տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ իրար վրա խցկված, դարսված երթևեկում, ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ է նույնը, փոխվել է ընդամենը մի գեղեցիկ, պուպուշ տրանսպորտ, մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին և խցկված հասնում են տուն։
Գիտեք, կարելի է ամեն ինչ պատճառաբանել և ասել, որ մենք սա ձեզ համար ենք անում։ Բայց դուք եք որոշել բերել այդ տրանսպորտը, ինչու պետք է մենք վճարենք։ Եվ ստացվում է, որ մարդ, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 2-3 երեխա, որոնք սովորում են դպրոցում և համալսարանում, ինքն ուղիղ աշխատավարձի կեսը կտա տրանսպորտին։
Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավել չեք մտածում։ Եթե այդպես շարունակեք, ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ երկրաչափական պրոգրեսիայով աճելու է։
ՀԳ․ Իսկ ձեզ չի թվում, որ մեզ շատ կարևոր բաներից են ուզում շեղել՝ առաջ բերելով այս պրոբլեմները»,-նշում է Մնացականյանը։