Հայաստանի Հանրապետության դատախազությունը ստացել է «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները փոխելու հարցով ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջնորդությունը:
«Արմենպրես»-ը Դատախազությունից տեղեկացավ. «Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը»:
Խորհրդարանական ճեպազրույցում խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ միջնորդությունն ուղարկվել է: «Մնացածը հընթացս կհասկանանք, իրավական գործընթաց է տեղի ունենում»,-ասաց նա:
Անդրադառնալով միջնորդությունը մերժելու վերաբերյալ խոսակցություններին՝ պատգամավորն ասաց, որ որևէ տեղեկություն ոչ կարող է հաստատել, ոչ հերքել:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդություն ներկայացնելը հիմնավորել էր հատկապես նրանով, որ կանայք մանկահասակ երեխաներ ունեն: Իսկ Աշոտ Հովհաննիսյանի առումով խմբակցությունում հաշվի են առել այն հանգամանքը, որ նա իր ոլորտում վաստակաշատ անձնավորություն է: Խմբակցությունում համոզված են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: