Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Փետրվարի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է ընդունվել մի բուժառու։
Shamshyan.com-ը հայտնում է՝ պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Մարիետա Ա․-ն, ով ընդունվել է «ձախակողմյան լարված պնովոթարկ շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Օրբելի եղբայրներ փողոցում գործող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Կ․-ի կողմից կատարված ասեղնաբուժության ժամանակ վերջինիս անփութության հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբիրի քննչական բաժին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հասմիկ Կ․-ն բժշկուհի է։