Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ դատապարտյալին ներում շնորհելուց հետո, որը մեղավոր է ճանաչվել մանկատան մանկապիղծին երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելուն օժանդակելու մեջ: Հրաժարականի մասին երկրի նախագահը հայտարարել է հանրային հեռուստատեսության եթերում։
«Ես սխալվեցի: Այստեղ կասկած չկա և չի կարող լինել: Ես երբեք չեմ ների երեխաներին բռնություն գործադրողներին: Երեխաների պաշտպանությունը մեր ընդհանուր պարտականությունն է»,- ասել է Նովակը:
Նախագահը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ ներված հանցագործության մասին, և խնդրել է ներողամտություն բոլոր նրանցից, ովքեր կարող էին տուժել նրա հրամանագրից, ինչպես նաև հանցագործության զոհերից, ովքեր կարող են մտածել, որ ինքը չի պաշտպանում նրանց։
Խոսքը Բիչկայի մանկատան փոխտնօրեն Էնդրե Կ.-ի մասին է, ով շանտաժի միջոցով ստիպել է մի քանի երեխաների հետ վերցնել մանկապիղծ տնօրենի դեմ տված ցուցմունքները։ Մանկատան տնօրեն Յանոշ Վ.-ն, ով մանկատունը ղեկավարել է 26 տարի, 2004-2016 թվականներին բռնաբարել է առնվազն տասն անչափահաս տղայի։ Դատարանը վճռել է, որ Յանոշ Վ.-ն երեխաներին ստիպել է սեռական բռնության ենթարկվել։ Տնօրենը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, նրա տեղակալը՝ երեք տարի չորս ամսվա ազատազրկման։
Հունգարիայի նախագահը ներում է շնորհել փոխտնօրենին 2023 թվականի ապրիլին, որը համընկել է Հռոմի պապի այցի հետ։ Ընդհանուր առմամբ, Նովակը նախորդ տարի ներում է շնորհել 40 մարդու, ինչը ռեկորդային թիվ է երկրի պատմության մեջ վերջին 19 տարում։ Ներման փաստը կարող էր անհայտ մնալ, եթե չլիներ փոխտնօրենի՝ պատժաչափի մանրամասները վիճարկելու փորձը, քանի որ ներման մասին որոշումները սովորաբար չեն բացահայտվում։