Թբիլիսիի Հայ Առաքելական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցուն վտանգ է սպառնում, ահազանգել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին շուտով կդառնա անհասանելի ու շենքերով պարփակված, և չի զգացվում, որ որևէ մեկը պատրաստվում է վերականգնել եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը։
Հայտարարության մեջ մտավախություն է արտահայտված, որ եկեղեցին կարող է փլվել, Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու պես, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․
«2016 թվականին, եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա սկսվել է բարձրահարկ հյուրանոցի շինարարություն, ինչը մեծ դժգոհություն է հարուցել հասարակության շրջանում, բայց, ցավոք, հասարակության արտահայտած մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունք չեն տալիս։ Կառուցվում է հյուրանոց, որը, եկեղեցու հիմքը վնասելուց զատ, լուրջ վտանգ է դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության պատճառով կորսվում է վերջինիս ճարտարապետական արժեքը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին` կիրակնօրյա մեկ պատարագից հետո, Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցան մոմավառություն և աղոթք։ Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անհասանելի է. մի կողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից` հավանաբար, նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները նկատելիորեն մեծացել են և՛ բարձրությամբ, և՛ լայնությամբ:
Այս ամենից բացի, 2023 թվականի վերջին եկեղեցուն հարող ավտոկայանատեղիում տեղադրվել է պաստառ, ըստ որի` տարածքը վաճառվում է, ինչը հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցին մոտ ապագայում հանրությանն անհասանելի կդառնա: