Հետևեք մեզ։

«Թույլ տվեք՝ Էդգար Ղազարյանը ավարտի ելույթը»․ Վլադիմիր Վարդանյանը դիմեց ՔՊ-ականներին

13:31, 04 ապրիլ 2023
«Թույլ տվեք՝ Էդգար Ղազարյանը ավարտի ելույթը»․ Վլադիմիր Վարդանյանը դիմեց ՔՊ-ականներին

Ես ընթացակարգից շեղվում եմ, այլ հանգամանքներում չէի գա այստեղ: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության վերաբերյալ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Ես կոչ եմ անում իմ գործընկերներին հարգել ոչ թե պարոն Ղազարյանին, կամ որևէ այլ թեկնածուի, կամ ինձ, այլ հարգել Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդավարական արժեքները: Խոսքի ազատությունը կարևորագույն հենասյունն է, որը մենք պետք է պաշտպանենք: Շատ եմ խնդրում իմ գործընկերներին՝ թույլ տալ պարոն Ղազարյանին ավարտել: Պարոն Ղազարյանին պետք է խնդրեմ՝ հնարավորինս ներկայացնել իր տեսլականը մարդու իրավունքների վերաբերյալ»,- ասաց Վարդանյանը և ևս մեկ անդամ իր գործընկերներին խնդրեց թույլ տալ, որպեսզի Էդգար Ղազարյանն ավարտի ելույթը:

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց. «Բա ուր էիք, շուտ գայիք», որին արձագանքելով՝ Վարդանյանն ասաց. «Եկել եմ, հավատացնում եմ ձեզ, ոչ թե ձեր նիստին մասնակցելու մեծ ցանկությունից դրդված, այլ ինձ համար խորհրդարանը որպես ժողովրդավարական ինստիտուտ շատ կարևոր է: Պարոն Ղազարյանին հատկապես հորդորում եմ ներկայացնել ելույթ, որը հարիր է Մարդու իրավունքների պաշտպանին»: