«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Դատական համակարգում անհանգիստ են՝ կարո՞ղ է օրենսդիր մարմինը` ի դեմս ՔՊ-ի, ՍԴ դատավորի ընտրության ժամանակ իրեն բնորոշ մանր քինախնդրություն դրսեւորի եւ դատավորների ընդհանուր ժողովի ընտրած թեկնածուին` Դավիթ Բալայանին չընտրի։ Հիշեցնենք, որ Դավիթ Բալայանը 158 ձայն էր ստացել, իշխանական թեկնածուն` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, 100 ձայն։
Բանն այն է, որ հաջորդ նիստին խորհրդարանը պետք է ՍԴ դատավոր ընտրի` Արայիկ Թունյանի՝ ԵԱՏՄ դատավոր ընտրվելուց հետո թափուր մնացած տեղի համար։ Իսկ Դավիթ Բալայանը ՔՊ-ականներից շատերի հիշողության մեջ մնացել է մի հիշարժան դրվագից, երբ Փաշինյանի հրահանգով վերջինիս աջակիցները փակել էին դատարանների դռները, Բալայանը փորձել էր լուսամուտով մտնել իր աշխատավայր եւ հարցազրույցներ էր տալիս, թե փորձ է արվում խոչընդոտել դատավորների աշխատանքը։
Դատավորները հուսով են, որ ՔՊ-ն չի գնա նման քայլի, մանավանդ՝ կան նախադեպեր, երբ, օրինակ, Սերգեյ Մարաբյանին, ով նիկոլական դատավորների շարքին չի պատկանում, ՔՊ-ն ընտրեց` գործուղելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ։ Իսկ ՔՊ-ում առայժմ որոշում չունեն Բալայանի ընտրության հարցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։