ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հասնելու լավագույն միջոցը երկխոսությունն է։
Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«ԱՄՆ-ն աջակցում է այդ հարցի շուրջ շարունակական երկխոսությանը։ Կարծում ենք, որ երկխոսությունը լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտի հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։
Պետքարտուղարության խոսնակը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել լրագրողի այն հարցը, որ կողմերը փորձում են բանակցային գործընթացը շարունակել առանց միջնորդների։
Հիշեցնենք, որ այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: