Հետևեք մեզ։

Բացահայտվել են ինտենսիվ այգեգործության զարգացման պետական ծրագրին վերաբերող հափշտակության դեպքեր

11:14, 14 փետրվար 2024
Բացահայտվել են ինտենսիվ այգեգործության զարգացման պետական ծրագրին վերաբերող հափշտակության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։

 

Քրեական վարույթներից մեկով, որը նախաձեռնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչը, հանդիսանալով մարզում գտնվող 1,15 հեկտար հողատարածքի վարձակալ, մասնակցել է «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակելու ինտենսիվ պտղատու արգիների և հատապտուղների հիմնման համար պետության աջակցության» ծրագրին։

 

Հողամասում նա հիմնել է ընկուզենու ինտենսիվ այգի և ՀՀ պետական բյուջեից այգետնկման ծախսերի 50%-ի չափով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, ի թիվս հիմնավորող այլ փաստաթղթերի, 2023թ․ մայիսին խաբեությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, իբրև թե ԱՁ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման կեղծ պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի կողմը պարտավորվել է հիշյալ 1.15 հա հողամասում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ՝ որոնց ընդհանուր արժեքը սահմանվել է 10.422.450 ՀՀ դրամ։ Շահառուն նախարարություն է ներկայացրել նաև՝ պայմանագրի կողմերի միջև կազմված հանձնման-ընդունման ակտ, որի համաձայն իբրև թե կատարվել են համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ՝ նշված գումարի չափով։ Մինչդեռ պարզվել է, որ Ա/Ձ-ն նման ծառայություններ չի մատուցվել:

 

Շահառուն, սակայն, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակիցների կողմից նշված հողամասում իրականացված մոնիթորինգի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված ծախսերը գերազանցել են ՀՀ-ում գործող շուկայական գները կամ չեն համապատասխանել իրականությանը, իսկ որոշ դեպքերում ուռճացված են եղել: 

 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 

 

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող մեկ այլ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ Ս.Ղ.-ն մեկ այլ անձից՝ Վ.Դ.-ից տեղեկացել է ՀՀ կառավարության՝ «ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրով մինչև 10 հեկտար հողատարածքներում այգիներ հիմնելու պարագայում կատարված ծախսերի 50 տոկոսի չափով պետությունից փոխհատուցում ստանալու հնարավորության մասին և համաձայնել է Վ.Դ.-ի հետ խմբի կազմում, կեղծ փաստաթղթերի կազմման և օգտագործման միջոցով, խարդախությամբ, պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:

 

Արդյունքում Արագածոտնի մարզում գտնվող, վարձակալած հողամասում Ս․Ղ․-ի կողմից ընկուզենու ինտենսիվ պտղատու այգի հիմնելու և պետական աջակցության վերոնշյալ ծրագրից վերջինիս օգտվելու հիմքեր ստեղծելու նպատակով, Վ․ Դ․-ի ուղղորդմամբ և կազմակերպմամբ այլ անձանց միջոցով կազմվել են Ս.Ղ.-ի կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրով սահմանված 1հա հողատարածքի համար առավելագույն թույլատրելի սահմանաչափին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև՝ իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառվել են ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայությունների դիմաց կատարված, այնպես էլ իրականում կատարված, սակայն՝ էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր:

 

Ս.Ղ.-ն ինչպես իր, այնպես էլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կազմված իրավունք վերապահող հիշյալ կեղծ փաստաթղթերը 2022թ. մարտին համապատասխան դիմումով ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Ապրիլ ամսին նրա և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու» վերաբերյալ պայմանագիր՝ չնայած այն բանին, որ շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը փոխհատուցման մերժման հիմք էր։ 

 

Դրա հիման վրա Ս.Ղ.-ին՝ որպես Ծրագրի շահառու, փոխանցվել է 58.500.000 ՀՀ դրամ գումար, որը խմբի մյուս անդամների նախնական համաձայնությամբ, հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

 

Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք է բերվել հանցանքի կատարումը վկայող փաստերի բավարար համակցություն՝ Ս․ Ղ․-ին, Վ․Դ․-ին, ինչպես նաև 4 այլ անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Հաշվի առնելով, որ Ս․Ղ․-ի մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ նրա առնչությամբ՝ ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի, վարույթից մաս է անջատվել, հայտարավել նախաքննության ավարտ և այդ մասով վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

 

Նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող մյուս 5 անձանց մասով (4-ը՝ ֆիզիկական անձ, 1-ը՝ պաշտոնատար անձ) նախաքննությունը շարունակվում է։ Վերջիններիցս 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ երկուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև Վ․Դ․-ի և խմբի մյուս անդամների կողմից իրականացված խարդախության հանցավոր սխեմայում հնարավոր ներգրավված տասնյակ այլ անձանց գործողություններին ևս իրավական գնահատական տալու ուղղությամբ։

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Վերլուծական