Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վնասված Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը՝ երկաթե արգելպատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ավտոմեքենան բախվել է իր առջև հայտնված շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:
Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են սատկած շանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։