Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։
Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի (այժմ մտնում է ՀՀ Տավուշի մարզ կազմի մեջ) Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսը, «Հայ աշխարհ»,«Էրեբունի» թերթերը, եղել հայագիտական «Պայքար» ամսագրի խմբագիր-տնօրենը։
Հեղինակ է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք»,«Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերի, բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների։ Խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ։