Հետևեք մեզ։

74-ամյա Պանդորա Մկրտչյանը շարունակում է միայնակ ապրել Արցախում․ նա երեկ զանգել է հարազատներին․ Mediahub.am

13:11, 15 փետրվար 2024
74-ամյա Պանդորա Մկրտչյանը շարունակում է միայնակ ապրել Արցախում․ նա երեկ զանգել է հարազատներին․ Mediahub.am

Արցախում մնացած 2 տասնյակ հայերից մեկը հարությունագոմերցի Պանդորա Մկրտչյանն է։ 74-ամյա կինն ապրում է իր հայրենի գյուղում՝ միայնակ։

Նրա բարեկամները վերջինիս տեսել են օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում. Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են կնոջը, հումանիտար աջակցություն ցուցաբերել։

Հարությունագոմեր համայնքի ղեկավար Հենրիկ Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Պանդորան գյուղում մնացել է իր ցանկությամբ։ Կինը երեկ զանգահարել է Հայաստանում ապաստանած իր բարեկամներին։

«Նրա հարազատները վերստին հորդորել են Պանդորային, որ Կարմիր մահիկի աշխատակիցների միջոցով տեղափոխվի Հայաստան, իսկ նա մերժել է, ասելով՝ «այստեղ եմ ծնվել, այստեղ էլ պիտի մեռնեմ, իմ հարազատները բոլորը գյուղում են», նկատի ունենալով գերեզմանները»,- նշեց Սարգսյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ Պանդրորային համապատասխան քանակի սնունդ ու դեղորայք են տրամադրել։ Հեռախոսազանգի ընթացքում տեղեկացրել է, որ գյուղի տները կանգուն են, թալանից բացի չեն քանդել, չեն այրել, իսկ հուշարձանը, որ գյուղի կենտրոնում է, ինքը չի այցելել, ուստի տեղյակ չէ՝ անարգե՞լ են, թե՞ ոչ։ 

Հիշեցնենք, որ արցախցիների բռնի տեղահանությունից հետո Հարությունագոմերում իրենց ցանկությամբ մնացել էին 4 հոգի։ Տարեց 3 տղամարդիկ ավելի ուշ Կարմիր խաչի օգնությամբ տեղափոխվել են Հայաստան։ 74-ամյա Պանդորա Մկրտչյանը չի եկել։ Նա նաև հոգեկան-առողջական խնդիրներ ունի։