Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը խնդիրների լուծման պատրվակով։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Ռաիսին ասել է, որ արտաքին միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլև ավելի լուրջ խնդիրների տեղիք է տալիս։ Այս մասին փոխանցում է իրանական IRNA-ն։
Հարևան երկրի նախագահը Երևանի և Իրանի հարաբերություններն անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։ Խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Ռաիսին ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։
Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունն ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այս առումով Իսլամական Հանրապետության կարմիր գծերը։
Իրանի կառավարության ղեկավարը աջակցել է Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ պայմանավորվածությունների իրագործումը պահանջում է երկու կողմերի ջանքերը՝ համատեղ տնտեսական հանձնաժողովի արդյունքների հիման վրա։ Գրիգորյանը նշանակալի է համարել նաև Իրանի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը` հայտնելով Երևանի շահագրգռվածությունը էներգետիկայի և տարանցման ոլորտներում Թեհրանի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման հարցում: