ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։
Վահան Քերոբյան արդեն Քննչական կոմիտեում չէ․ այս մասին ճեպազրույցում ասաց Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։
«Պարոն Քերոբյանին մեղադրանք է ներկայացվել, որը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»,-ասաց Եգորյանը։
Նշենք, որ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։