«Երվանդ Քոչարի» թանգարանից հայտնում են, որ վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը:
Հայկազ Քոչարը 1971 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատել է Տեխնիկական էսթետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում։
Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտի մշտական ցուցադրության (1995 թ.), համահեղինակ է (նկարիչներ Կամո Նիգարյանի և Էդուարդ Սադոյանի հետ) Սարդարապատի հուշահամալիրում բացված Հայաստանի ազգագրության թանգարանի մշտական ցուցադրության (1978 թ.)։ Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր: Նա հեղինակ է մշակութային-կենցաղային մի շարք նորատիպ ապրանքների նախագծերի, որոնց համար ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ու հեղինակային վկայագրեր։
Երվանդ Քոչարի թանգարանի հիմնադրման պահից (1984 թ.) Հայկազ Քոչարի նախագծերով են իրականացվել թանգարանի ինտերիերի և ցուցադրությունների, լուսավորության, կահավորման ձևավորումները։ Երվանդ Քոչարի «Կիբեռնետիկայի մուսան», «Մելամաղձություն» և «Բիբլիական Դավիթ» մոնումենտալ քանդակների պատվանդանների ճարտարապետն է. վերջին երկուսը մեծացվել և բրոնզի են փոխադրվել նրա անմիջական հսկողությամբ։
Հայկազ Քոչարը Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր (1978թ.), Երևանի քաղաքապետարանի «Տարվա լավագույն ճարտարապետական կառույց» մրցույթի հաղթող (1997)։
«Նրա երկրային կյանքի ավարտով մի կարևոր գույն պակասեց մեր կյանքում. ճարտարապետը յուրովի էր սիրում Երևանն ու նրա մարդկանց…
Հյուրասեր էր, բարի, կամեցող, պատվախնդիր, իսկ նրա մարդկային հմայքն ու վիթխարի անհատականությունը շատ ուսանելի շերտեր ունեին ընկերների, ծանոթ-բարեկամների համար…
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…»: