«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։ Ֆրանսիացին արդեն պայմանագիր է կնքել արքայական ակումբի հետ մինչև 2029 թվականը, հայտնում է իսպանական Marca հեղինակավոր հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նախօրեին Կիլիանը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ և խնդրել իրեն նոր առաջարկներ չանել պայմանագիրը երկարաձգելու համար, քանի որ նա արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 290 հանդիպման, որոնցում դարձել է 243 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: