«Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Բռնազավթված Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հուշարձանները: Այս քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազավթված Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը.
«2023 թվականի դեկդեմբերի 24-ին «LACHIN CITY AZER ALİ» ադրբեջանական յութուբյան ալիքը հրապարակեց տեսանյութ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից https://www.youtube.com/watch?v=J2jnbVYmtHg: Տեսանյութի նախնական ուսումնասիրությունից ու վերլուծությունից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը:
Ալեք Թագվորի Մանուկյանը ծնվել է 1901թ. հունիսի 28-ին, Զմյուռնիայում: 1929թ. հիմնել է «Մասկո» միջազգային ընկերությունը։ 1968թ. հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։ Մահացել է 1996թ. հուլիսի 10-ին, Դետրոյթում:
Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․
«Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն» https://www.icc-cpi.int/sites/default/files/RS-Eng.pdf :
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն»։