Հետևեք մեզ։

Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխվել է

17:23, 19 փետրվար 2024
Գևորգ Ալթունյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխվել է

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանի որոշմամբ՝ Ալթունյանի նկատմամբ կիրառվել է գրավ և ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։

Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում: 2023 թվականի հոկտեմբերին Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել էր կալանքը: Մեկ ամիս անց այն փոխարինվել էր տնային կալանքով։