Կրթությունը հանրային կյանքի առողջության հիմքն է։ Շատ կարևոր է, որ «կրթություն» ասելով հասկանանք նաև ամբողջական դաստիարակություն։ Այդ մասին նշում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Մեր մտածողության մեջ երբեմն տեսնում ենք սխալ շեշտադրումներ, երբ կրթությունը ուղիղ համեմատական է միայն գիտելիք ունենալուն։ Այնպես, ինչպես ուսուցիչը դասատու չէ, այդպես էլ՝ կրթությունը միայն գիտելիքը չէ, կամ կրթությունը միայն ուսումնական սեղանի շուրջ նստած լինելու հանգամանքը չէ։
Կրթությունը, լայն առումով, դաստիարակություն է, և այդ դաստիարակությունը բազմաշերտ է՝ աշխարհայացքի ձևավորում, հմտությունների զարգացում, գիտելիքի ձեռքբերում, բոլորը միասին պետք է միտված լինեն առաքինի մարդ կերտելուն։
Սա եղել է մեր եկեղեցու միտքը, մտածողությունը։ Մենք բոլոր ժամանակներում տեսնում ենք մեր հայրերի կողմից զարգացրած այդ մտածողությունը։ Նրանք որպես գաղափար, արժեք փոխանցում են մեզ, որ կրթությունը առաքինի մարդ կերտելու արվեստն է։ Եթե սա չլինի կրթության առանցքում, կրթությունը որպես գիտելիքի ձեռքբերում կարող է նաև չարիքի վերածվել»,- ասվում է սրբազանի՝ «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքում։