Ամեն ոսկի մեդալ շատ դժվար է տրվում։ Գուցե ես մրցագորգին հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց ես այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել, բայց պատրաստ եմ այդ դժվար ճանապարհը տասն անգամ ավելի անցնել, միայն կարողանամ օլիմպիական ոսկի ունենալ։
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԱ քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Համեմատական տանելով հինգ տարի առաջվա իր մրցապայքարի հետ, Արսեն Հարությունյանն ասաց, որ այդ ժամանակ 61կգ քաշային կարգում էր և առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.
«Ես մեծ ցանկություն ունեի հաղթելու, բայց հավատը շատ քիչ էր։ Այս անգամ հավատն էր շատ մեծ ու էլի մեծ ցանկություն ունեի հաղթելու»։
Ինչ վերաբերում է թուրք և ադրբեջանցի մրցսկիցներին, Արսեն Հարությունյանն ասաց, որ շատ բարդ է եղել տրամադրվելը.
«Մտնում էի գորգ և հոգեբանորեն ծանր էր, բայց որ ասեմ` բարդ տրվեց հաղթանակը, ապա ոչ»։