Երեկվանից համացանցում քննարկում են Արմավիրի մարզի թիվ 8 հիմնական դպրոցի մանկավարժական կազմի կազմակերպած գիրք նվիրելու արարողությունը: Այս դպրոցի մանկավարժները տնօրենին գիրք նվիրելու համար նրա աշխատասենյակ էին մտել շարքով ու կարգով՝ արտասանելով Թումանյանի եւ Սեւակի ստեղծագործություններից: Թիվ 8 դպրոցի տնօրեն Աննա Խաչատրյանից Aravot.am-ը հարցրել է, թե իրենց դպրոցում ավանդո՞ւյթ է նման արարողությամբ իրեն շնորհավորելը կամ նվեր տալը:
«Որպես այդպիսին ավանդույթ չկա: Ես էլ եմ երեկ իրենց համար արտասանել: Դա մեթոդ միավորման հայոց լեզվի նիստ էր, հետո նիստ դարձավ, իրենք ներկայացնում էին մայրենիի օրվա հետ կապված իրենց ծրագիրը: Դա սկիզբն էր, ակորդն էր, իրենք արտասանեցին, գիրք նվիրեցին, ես էլ արտասանեցի, ճանապարհեցի ու ընդունեցինք այն ցանկը ցերեկույթների, որ տրված է: Երեկ ամբողջ օրը դպրոցում գիրք են նվիրել իրար» ,- ասել է տիկին Խաչատրյանը:
Նա ուսուցիչների՝ իրեն նվիրված պաթոսով ասմունքը ստացված ու գեղեցիկ անակնկալ է համարում. «Դե հիմա ստացվեց էդպես, ինձ Սեւակի գիրք նվիրեցին, հանպատրաստից Սեւակ արտասանեց, ի՞նչ վատ բան կա հիմա, չեմ հասկանում, կա՞ վատ բան»: Իսկ եթե անակնկալ էր, ով էր թաքնված տեսախցիկը, որ նկարահանեց այդ շոուն՝ հարցին տիկին Խաչատրյանը պատասխանել է. «Մեր աղջիկներն ինչ անում են՝ նկարում են, այսօր երեւի բոլորն են այդպես: Հետո ռոլիկ սարքեց, ասաց՝ ընկեր Խաչատրյան, էնքան սիրուն է։ Ես որ մտածեի՝ նման բան կա, թույլ կտայի՞, թույլ չէի տա… Ուղղակի չգիտեմ՝ ասացինք սկիզբը դնենք մայրենիի, որ հաջորդական երեխեքի հետ ցերեկույթ էինք կազմակերպել»:
Համացանցում մանկավարժների՝ գիրք նվիրելու արարողությունը որակվեց յուրօրինակ քծնանք տնօրենին, տիկին Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է այդ որակումների հետ, ի պատասխան ասաց. «Ոչ, ոչ, իմ ուսուցիչները, մեր ուսուցիչները բոլորը նվիրյալներ են։ Ես իրավունք ունեի՞ իրենց նվիրելու, իրենք իրավունք ունեի՞ն ինձ բանաստեղծություն նվիրելու։ Մարդը կարող է փողոցում էլ արտասանի, ամեն տեղ, չգիտեմ՝ ի՞նչ վատ բան կա: Այդ նույն ձեւով ուսուցչանոցում են արտասանել, մենք՝ բոլորս, միասին: Ես էլ Թումանյան եմ արտասանել՝ «Թմբկաբերդի առումը» շատ եմ սիրում, գործն է անմահ..․»:
Քննադատությանը, թե նման մանկավարժներն ինչ սերունդ պիտի կրթեն, տիկին Խաչատրյանը հակադարձել է. «Նման ուսուցիչները կրթել են սերունդ, որոնք հայրենասիրություն են կատարել, վերջին պատերազմներին մասնակցել ու զոհվել են: Չգիտեմ՝ ես կարծում եմ, որ աստվածահաճո գործ եմ անում իմ ուսուցիչների հետ: Նրանք օրնիբուն աշխատում են, չարչարվում են, կրթում են»:
Հարցին, թե մարզպետարանից հայտնի տեսանյութի մասին դիտարկումներ արդեն ստացե՞լ է, ասաց՝ դեռ ոչ: Հարցին, թե հանրության քննադատությունն ինչպես ընդունեց, ի պատասխան ասել է. «Նորմալ, առողջ քննադատություն է: Ես ընդունեցի, որ նման բաներ չպետք է հանրայնացնես ու ամեն մեկը յուրովի է մեկնաբանում: Դուք տեսա՞ք այդտեղ քծնանք, ես չեմ տեսել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։