Հետևեք մեզ։

Մակունցը հանդիպել է ՀՅԴ շարքերից արտաքսված անձանց հետ․ հայտարարություն

13:07, 05 ապրիլ 2023
Մակունցը հանդիպել է ՀՅԴ շարքերից արտաքսված անձանց հետ․ հայտարարություն

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել  հայտարարությամբ։


«ՀՀ քաղաքական ներկայացուցիչները և «Ասպարեզ» թերթն ապատեղեկատվություն են տարածում Արեւմտյան Ամերիկայի հայ համայնքում։


Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Լիլիթ Մակունցը, համաձայն «Ասպարեզ» թերթի ապրիլի 1-ի հաղորդագրության, հանդիպում է ունեցել ծանրակշիռ կուսակցական հանցանքների պատճառով Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերից արտաքսված եւ հեռացված անձերից բաղկացած խմբակի՝ ինքնահռչակ «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի» երեք անձանց հետ։ Նմանատիպ հանդիպում էր կայացել նաև ինքնակոչ խմբակի հետ նաեւ ՀՀ Լոս Անջելեսի հյուպատոսական անձնակազմի հետ մարտի 21-ին։


Հերքելով Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի մասնակցությունը վերոնշյալ զույգ հանդիպումներին՝ հայտարարում ենք․


Ա․ Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջին Ընդհանուր Ժողովը 2022 թվականի մարտի 8-ի հայտարարությամբ հստակ հաստատել է, թե Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանում ո՛վ է գործող միակ դաշնակցական մարմինը, որը հանդիսանում է ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեն։


Բ․ Եթե ՀՀ դեսպանատունն իրապես անտեղյակ է Դաշնակցության տեղական մարմինների ինքնությունից, որն ինքնին լուջ մտահոգություն է ցանկացած երկրի պետական համակարգի համար, դա հեշտությամբ կարող էր ստուգել կամ արտգործնախարարության միջոցներով կամ ուղղակի Հայաստանում գրանցված, գործող, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից կամ Երևանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի գրասենյակից։


Գ․ Ինչպես ՀՅԴ Սփյուռքի բոլոր մարմինները՝ ՀՅԴ Արևմտյան Ամերկայի Կենտրոնական կոմիտեն ևս միշտ հարգանքի և պաշտոնականության որոշակի սահման է պահպանել ՀՀ ներկայացուցչությունների հետ․ վերաբերմունք, որը բխում է մեր կողմից իշխանության և պետության մինջև զանազանության խորը գիտակցությունից։ Իսկ ՀՀ դեսպանատունը, անցնելով քաղաքական արարողակարգերի, ազգային գիտակցության և մինչև իսկ քաղաքավարության բոլոր սահմանները, իր պաշտոնական էջում ՀՅԴ-ի հետ ոչ մի  առնչություն չունեցող խմբակին փորձում է ներկայացնել իբրև Արեւմտյան Ամերիկայի ՀՅԴ ներկայացուցիչներ։


Դ․ Դեսպան Մակունցի այս քաղաքական քայլը չի կարելի պատահականություն համարել կամ տեղեկատվության պակասի վերագրել։ Այս բացահայտորեն գիտակցված նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ապատեղեկատվություն և շփոթ տարածել համայն հայության շարքերում մինչև Հայաստան, որտեղ ՀՀ իշխանությունները փորձում են բոլոր միջոցներով լռեցնել քաղաքական ընդդիմությանը՝ երկիրը նոր զիջումների պատրաստելու համար։ Սա անընդունելի և կոպիտ միջամտություն է Սփյուռքի ներքին հարցերին և բացահայտում է, թե Դաշնակցությանը տկարացնող պառակտիչ հոսանքներն ու ապօրինի խմբակն ի սկզբանե որ քաղաքական ուղղությամբ են փորձել առաջնորդել իրենց խաբված ու մոլորված փոքրաթիվ հետևորդներին։


ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի անունից կոչ ենք անում ՀՀ համապատասխան մարմիններին հեռու մնալ Սփյուռքի ներքին կյանքում անօրինություններ մտցնելուց և փորձ անել քաղաքական հասունության որոշ մակարդակ դրսևորել։ Միաժամանակ կոչ ենք անում հայ համայնքին, որպեսզի ի տես այս բոլորին չխարխափեն իրենց նպատակների իրագործման ճանապարհին և համախմբվեն ՀՅԴ-ի շուրջ՝ շարունակելով ամեն կերպ նպաստել Արցախի անկախությանը, արցախահայության ապահովությանն ու անվտանգությանը»։