Ուկրաինան իրավունք ունի պահանջել վերադարձնել զորակոչային տարիքի փախստականներին, այդ փախստականները կարող են կորցնել իրենց պաշտպանության կարգավիճակը։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Եվրոպայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳՀ) տարածաշրջանային տնօրեն Ֆիլիպ Լեկլերը։
«Ուկրաինան բոլոր իրավունքներն ունի մոբիլիզացնելու իր բնակչությանը: Դա վերաբերում է նաև արտերկրում գտնվող զինվորական տարիքի փախստականներին: Այս դեպքում նրանց կարգավիճակի և պաշտպանության հարցը բաց կլինի: Նրանց մոբիլիզացումը հետապնդում չէ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Ուկրաինան իրավունք ունի բռնի ուժով վերադարձնել զինվորական տարիքի տղամարդ փախստականներին Եվրոպայից։
Լեկլերը հավելել է, որ Ուկրաինայի խորհրդարանում քննարկվող մոբիլիզացիոն օրենքը ակտիվ քննարկման առարկա է փախստականների շրջանում Եվրոպայում և երկրի ներսում։