Ինդոնեզիայում փետրվարի 14-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ընտրական հանձնաժողովների 84 անդամներ մահացել են գերհոգնածությունից, ավելի քան 4567-ը դիմել է բժշկական օգնության։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից։
Ընտրությունները տասնյակ մարդկանց կյանք են խլել՝ չնայած այն հանգամանքին, որ Ինդոնեզիայի կառավարությունն ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանել էր տարիքային շեմ և նրանց պարտավորեցրել էր անցնել բուժզննում։ Աշխատակիցների մահվան և հիվանդության պատճառը եղել են գերհոգնածության հետևանքները։
Ընդհանուր առմամբ, մոտ 5 մլն կամավորներ են ապահովել քվեարկության համար ընտրատեղամասերի աշխատանքը և մասնակցել ձայների հաշվարկին։
2019 թվականի ընտրությունները հանգեցրել էին ավելի քան 500 աշխատողների մահվան։
Ինդոնեզիայում ձայնի իրավունք ունի ավելի քան 204 միլիոն մարդ։ Ամբողջ երկրում բացվել է ավելի քան 820 հազար ընտրատեղամաս։
Նորընտիր նախագահ Պրաբովո Սուբիանտոն պաշտոնը կստանձնի հոկտեմբերին: