Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը տեսագրությամբ հայտնել է, որ իրեն ցույց են տվել որդու մարմինը։
«Քիչ առաջ ես դուրս եկա Սալեխարդ քաղաքի Քննչական կոմիտեի շենքից։ Երեկ երեկոյան ինձ գաղտնի տարան դիահերձարան, որտեղ ցույց տվեցին Ալեքսեյին։ Քննիչները պնդում են, որ գիտեն մահվան պատճառը, պատրաստ են բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը, որոնք ես տեսել եմ, և ես ստորագրել եմ մահվան բժշկական վկայականը։ Օրենքով պետք է անհապաղ հանձնեին Ալեքսեյի դին, բայց դեռ չեն արել»,- ասել է Լյուդմիլա Նավալնայան։
Նրա խոսքով, իրենք սպառնում են, պայմաններ են դնում, թե երբ և ինչպես պետք է անցկացվի Նավալնիի հուղարկավորության արարողությունը։
«Նրանք ցանկանում են, որ դա գաղտնի լինի, առանց հրաժեշտի: Ինձ ուզում են տանեն գերեզմանատուն, ասեն՝ այստեղ է որդիդ հուղարկավորվելու։ Ես դրա հետ համաձայն չեմ»,- ասել է Նավալնիի մայրը։