Հետևեք մեզ։

Էլ ուրիշ ի՞նչ հետևության տեղ է մնում․ Փաշինյանը` հարցին, թե շարունակո՞ւմ է մտածել, որ Պուտինի նպատակն է իրեն իշխանությունից հեռացնել (տեսանյութ)

22:41, 23 փետրվար 2024

Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի խմբագիր Մարկ Պերելմանին, որը ներկայացնում ենք հատվածաբար․

 

France 24, Մարկ Պերելման - Լեռնային Ղարաբաղում վերջին կոնֆլիկտի ժամանակ Դուք մեղադրեցիք Մոսկվային՝  այդ հակամարտությունը ձեր դեմ ուղղելու փորձի մեջ: Արդյոք Դուք շարունակո՞ւմ եք մտածել, որ Վլադիմիր Պուտինի նպատակն է Ձեզ իշխանությունից հեռացնել:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ: Էլ ուրիշ ի՞նչ հետևություն անելու տեղ է մնում:

France 24, Մարկ Պերելման - Եվ այսօր դա շարունակվո՞ւմ է:

 Նիկոլ Փաշինյան - Գիտեք, անկեղծ ասած, ես հետաքրքրությունս կորցրել էլ եմ այդ թեմայի նկատմամբ: Չգիտեմ էլ՝ շարունակվում է, թե չի շարունակվում: Շարունակվում է, թե չի շարունակվում, Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից հրաժարվել և հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում:

France 24, Մարկ Պերելման – Արդյոք Դուք հիմա գոնե խոսո՞ւմ եք Վլադիմիր Պուտինի հետ:

 Նիկոլ Փաշինյան – Այո, մենք դեկտեմբերին շփումներ ենք ունեցել, խոսել ենք:

France 24, Մարկ Պերելման - Վստահո՞ւմ եք նրան:

 Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք: