Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ի խմբագիր Մարկ Պերելմանին, որը ներկայացնում ենք հատվածաբար․
France 24, Մարկ Պերելման – Երկու կարճ հարց: Ռուսական ռազմական բազա կա Հայաստանի տարածքում: Արդյոք մտադի՞ր եք այն փակել և արդյոք Դուք պատրաստվո՞ւմ եք դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքից:
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա:
France 24, Մարկ Պերելման – Իսկ ռուսական բազա՞ն:
Նիկոլ Փաշինյան - Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել:
France 24, Մարկ Պերելման - Վերջին հարցը, պարոն վարչապետ: Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ Հայաստանը սկզբում բավականին զգույշ էր, բնականաբար, Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններից ելնելով: Արդյոք երկու տարի անց կարծո՞ւմ եք, որ դա արդար պատերազմ է Ռուսաստանի կողմից:
Նիկոլ Փաշինյան - Ես ասացի, որ մեզ համար շատ կարևոր է Ալմա-Աթայի հռչակագիրը, որոհետև Ալմա-Աթայի հռչակագիրն ինչի՞ մասին է: Ալմա-Աթայի հռչակագիրը երկու առանցքային բանի մասին է: Ընդ որում, Ալմա-Աթայի այդ հռչակագիրը ստորագրել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և՛ Ադրբեջանը: Ընդ որում, Ալամա-Աթայի այդ հռչակագիրը սկսվել է Բելովեժյան համաձայնագրից, որը ստորագրել են Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան: Այդ համաձայնագիրը, որը հետագայում Ալմա-Աթայում Խորհրդային միության նախկին ևս ինը հանրապետություններ միացել են, երկու բանի մասին է, որ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ և երկրորդը, որ ստորագրած խորհրդային հանրապետությունները դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հիմա Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբնությամբ, որը նաև մեր անվտանգության համար է շատ կարևոր, մենք տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ալմա-Աթայի հռչակագրի խախտում է, և մեզ, ըստ էության, լրջորեն անհանգստացնում է: