Հետևեք մեզ։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը ճանաչվել է անմեղ. դատարանի վճիռը

13:41, 24 փետրվար 2024
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը ճանաչվել է անմեղ. դատարանի վճիռը

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրապարակել է իր դեմ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ դատարանի վճիռը, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Անդրադառնալով մեղադրյալ Արմինե Ադիբեկյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված լինելու հարցին՝ Դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

 

ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատասխանատվություն է նախատեսված անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու համար, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ ապացուցված չէ Արմինե Ադիբեկյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունը: Դատարանն արձանագրում է, որ ներկայացված մեղադրանքի փաստական կողմը՝ մասնավորապես կատարված գրառումը (տես սույն դատավճռի 2-րդ և 4-րդ կետերը) չի բովանդակում՝ այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով՝ դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելու կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելուն ուղված հրապարակային կոչ, ըստ այդմ նաև՝ դրա քարոզ: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում առկա չէ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի նախատեսված հանցագործության պարտադիր հատկանիշ հանդիսացող բռնության տարը։ Ավելին՝ Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվել է միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ: Արմինե Ադիբեկյանին առաջադրված մեղադրանքից պարզ չէ թե մեղադրյալ Արմինե Ադիբեկյանի կողմից կատարված գրառումը, կամ դրա որ մասն է իր մեջ պարունակում բռնության կոչ (քարոզ), ինչպես այն պետք է դրսևորվեր կամ գործադրվեր: Դատարանն արձանագրում է նաև, որ առաջադրված մեղադրանքում առկա չեն հիմնավորումներ առ այն, որ Արմինե Ադիբեկյանն իր գրառմամբ հրահրել (քարոզել) է այլ անձանց դիմել բռնության, կամ ինքին այդ գրառումը՝ կարող էր հրահրել այլ անձանց դիմել բռնության:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ 2024 թվականի հունվարի 24-ին կայացված արդարացման վերդիկտի հիման վրա պետք է Արմինե Ադիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով ճանաչել և հռչակել անմեղ՝ վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված չլինելու հիմքով։

 

Արմինե Ադիբեկյանին վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված չլինելու պայմաններում Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նշված հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանը գտնում է, որ Արմինե Ադիբեկյանի ռեաբիլիտացիայի հարցը պետք է համարել լուծված, քանի որ լրացուցիչ դատալսումների ընթացքում արդարացված մեղադրյալ Արմինե Ադիբեկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված որևէ պահանջ չի ներկայացրել։

Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին մասի 6-14-րդ կետերով նշված հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունը սույն քրեական գործով բացակայում է։

Նկատի ունենալով, որ վերը նշված հիմնավորումներով պետք է ճանաչվի և հռչակվի Արմինե Ադիբեկյանի անմեղությունը՝ Դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանները վերանում են, հետևաբար` նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ բացակայելու արգելքը և գրավը, պետք է վերացնել, իսկ որպես գրավ վճարված՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը՝ պետք է վերադարձնել վճարումն իրականացրած անձին:

Դատարանը գտնում է, որ վարութային ծախսերի հարցը պետք է համարել լուծված, քանի որ արդարացման դատավճիռ կայացնելու պայմաններում վարութային ծախսերի հատուցման պարտականությունը չի կարող դրվել Արմինե Ադիբեկյանի վրա։

7. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ, 347-349-րդ հոդվածներով, Դատարանը

 

Վ Ճ Ռ Ե Ց

Արմինե Ահարոնի Ադիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով ճանաչել և հռչակել անմեղ՝ վերագրվող արարքի քրեական հակաիրավականությունը ապացուցված չլինելու հիմքով:

 

Արմինե Ահարոնի Ադիբեկյանի ռեաբիլիտացիայի հարցը համարել լուծված:

 

Արմինե Ահարոնի Ադիբեկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և գրավը, վերացնել: Որպես գրավ վճարված՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը վերադարձնել վճարումն իրականացրած անձին:

Վարութային ծախսերի հարցը համարել լուծված:

Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում»։