Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2025 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Իրենց (ընդդիմությանը - խմբ.) ասեք, որ ես գնալու եմ։ Եվ ինչքան բարդանա իրավիճակը, այնքան ակտիվորեն կճնշեն մեզ՝ ինձ, ձեզ, հասարակությանը»,- ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Այսօր Բելառուսում առաջին անգամ անցկացվում է միասնական քվեարկության օր։ Նախատեսվում է ընտրել տեղական խորհուրդների 12,5 հազար եւ խորհրդարանի ստորին պալատի 110 պատգամավորների։