Հետևեք մեզ։

ՀԱՕԿ նախագահն ընդունել է առաջնություններից վերադարձած մարզիկներին․ Հռիփսիմե Խուրշուդյանին յուրահատուկ անակնկալ է մատուցվել (տեսանյութ)

11:44, 26 փետրվար 2024
ՀԱՕԿ նախագահն ընդունել է առաջնություններից վերադարձած մարզիկներին․ Հռիփսիմե Խուրշուդյանին յուրահատուկ անակնկալ է մատուցվել (տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանին փառք ու պատիվ բերած մեր մարզիկներին և մարզիչներին։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից նրանք Հայաստան են բերել 30-ից ավելի մեդալ, որոնցից մեծ մասը ոսկի:  
 
«Հարգելի՛, սիրելի՛ չեմպիոններ, մարզաշխարհի ներկայացուցիչնե՛ր, ձեզ հրավիրել եմ այստեղ, որովհետև այնպիսի բան եք արել, որ ողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ է, և իրենց անունից ձեզ ուզում եմ ասել՝ ապրեք, հալալ է։ Մրցման ժամանակ չեք նկատում, կրկին նայեցինք, թե դուք ինչ եք արել, ինչ հաղթանակ եք պարգևել այս ծանր պահին։ Այս տարի լինելու է Փարիզի օլիմպիական խաղերը, ուղեգրերն ունեք, ամեն ինչ անելու եք, որ ոսկի մեդալներով վերադառնաք։ Ամեն ինչ արված է թե՛ ֆեդերացիաների կողմից, թե՛ Օլիմպիական կոմիտեի կողմից, թե՛ պետության կողմից, նախարարության կողմից, ձեզ մնում է ձեր մարզիչների հետ լիարժեք պատրաստվեք։ Որպես հայորդիներ ապրեք, ապրեն ձեր ծնոնղերը, որ նման ժառանգներ ունենք, Աստված ձեզ պահապան, ձեր ընտանիքներին ևս»,-իր խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը։
 
Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ անակնկալ է մատուցել Հռիփսիմե Խուրշուդյանին, ով վեց տարվա դադարից հետո վերադարձել էր պատվո հարթակ և բրոնզե մեդալ վաստակել 36 տարեկան հասակում։ 
Հիշեցնենք, որ մարզիկը հայտարարել էր, որ ավարտում է կարիերան, հետո նշեց, որ այդ պահին չի իմացել, որ բրոնզե մեդալակիր է։
 
Այսօր, Հռիփսիմե Խուրշուդյանի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Հռիփսիմեն միշտ մեդալներ է վաստակել, ուրախացրել է հայ ժողովրդին, նա որպես մարդ, մարզիկ, մայր, բոլորը, ովքեր ճանաչում են, չեն ճանաչում նրան հարգում են, սիրում են։ Դու հանգստանում ես մի փոքր, դու գալու ես Օլիմպիական կոմիտե, մեծ բան ունես անելու, պետք է քո փորձը փոխանակես երիտասարդներին»։ 
 
Ի պատասխան Հռիփսիմե Խուրշուդյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը միշտ է իր կողքին եղել։
 
Մանրամասները՝ տեսանյութում․