Հետևեք մեզ։

Ռաֆահի օպերացիան վերջին մեխը կդնի մեր օգնության ծրագրերի դագաղին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

14:14, 26 փետրվար 2024
Ռաֆահի օպերացիան վերջին մեխը կդնի մեր օգնության ծրագրերի դագաղին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ Իսրայելի լայնածավալ ռազմական գործողությունը Ռաֆահում մահացու հարված կհասցնի Գազայում օգնության ծրագրերին։

 

Գուտերեշն այս մասին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ունեցած իր ելույթում։

 

«Ռաֆահի օպերացիան ոչ միայն սարսափելի կլինի այնտեղ ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչների համար, այլև վերջին մեխը կդնի մեր օգնության ծրագրերի դագաղին»,- ասել է նա։

 


«Ոչինչ չի կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի կողմից խաղաղ բնակչության կանխամտածված սպանությունը, վիրավորումը, խոշտանգումը և առևանգումը, սեռական բռնությունը կամ անկանոն հրթիռների արձակումը Իսրայելի վրա, և ոչինչ չի կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:


Նա հավելել է, որ Գազա ուղարկվող մարդասիրական օգնությունը դեռ լիովին բավարար չէ։


«Ես կրկնում եմ հումանիտար զինադադարի և բոլոր պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակման իմ կոչը»,-ասել է Գլխավոր քարտուղարը։


Նա ասել է՝ ցավում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ քայլ չի ձեռնարկել՝ չնայած «արյունահեղությունը դադարեցնելու և Գազայում լարվածությունը կանխելու» հրատապ կոչերին։