Հետևեք մեզ։

«Միսս Գերմանիա» մրցույթում հաղթել է իրանցի 39-ամյա կինը

14:28, 26 փետրվար 2024
«Միսս Գերմանիա» մրցույթում հաղթել է իրանցի 39-ամյա կինը

Բեռլինում բնակվող իրանական արմատներով 39-ամյա կին ճարտարապետ Ապամե Շյոնաուերը հաղթել է «Միսս Գերմանիա» մրցույթում, որի արդյունքներն ամփոփվել են Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգի Ռուստ քաղաքում շաբաթ օրը երեկոյան։ .

Ինչպես ասել է Շյոնաուերը, որը ծնվել է Թեհրանում, բայց վեց տարեկանից ապրում է Գերմանիայում, նա մտադիր է աջակցել միգրանտ արմատներով երիտասարդ կանանց։ Մրցույթի ընթացքում երկու երեխաների մայրը բազմիցս ընդգծել է իր նվիրվածությունը կանանց իրավունքների համար պայքարին՝ կենտրոնանալով Իրանում տիրող իրավիճակի վրա, նշում են լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Միսս Գերմանիա» մրցույթի հաղթողը կստանա «Կին առաջնորդ» մրցանակը, որի դրամական մասը կազմում է 25000 եվրո։

«Միսս Գերմանիա» մրցույթի մասնակիցները


Ըստ կազմակերպիչների՝ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 15000 կին։ Եզրափակչում Շյոնաուերը կարողացել է հաղթել ութ մրցակիցների։ Այս անգամ տարիքային շեմը (39 տարեկան) հանվել է։ Եզրափակչի ամենատարեց մասնակիցը՝ Համբուրգի բնակիչ Մինյոն Կովոլլիկը, 42 տարեկան է։

Վերջին տարիներին «Միսս Գերմանիա» մրցույթը փոխել է իր հայեցակարգը։ Նախկինում մասնակիցները պետք է պոդիումով իջնեին բիկինիով: 2019 թվականից, սակայն, առաջին պլան են մղվել կանանց անձնական որակները, ինչպես նաև նրանց «պատասխանատվությունը ցուցաբերելու պատրաստակամությունը»։ Հաղթողն այլեւս թագ չի կրում, բայց ուսի վրայի ժապավենը մնում է։