Հետևեք մեզ։

Մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

11:13, 06 ապրիլ 2023
Մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Պատճառն այն է, որ մինչ այդ նշված հատվածի անմիջական պահպանությսուն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից՝ Լաչինի ժամանակավոր երթուղին ապահովելու համար։

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել․ մասնավորապես, ըստ հայկական կողմի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մ առաջ՝ ՀՀ տարածքում։ Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է։ Մասնավորապես, 12-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։ Մեր տրամադրվածությունն է՝ իրավիճակի էսկալացիայից խուսափելը։ Համաշխարհային այն անկայուն իրավիճակում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»,-ասաց Փաշինյանը։