ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի երեխաները սովորում են Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում, որտեղ այս օրը սկսել է դասադուլով։
Պատգամավորը Facebook-ի իր էջում մանրամասնել է իրավիճակը եւ պատմել խնդրի մասին.
«Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավելի ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։
Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա։» Ու բնական է, որ ծնողները նույնիսկ տարրական դասարանների երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։
Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորհի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին․․․․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ։
Վերջիվերջո դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեց ներկայացնել որպես «ներխուժում»։ Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի ներխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ !!!!), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։
Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքի» վրա, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ ասում է՝ իրավաբան չէ։
Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենար հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո իրոք պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․
Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է՝ տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե՞ հենց այս արձանագրումներն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ այո»։
Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ, այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման․․․
Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ դպրոցի կոլեկտիվում․․․ Ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի»։