Հետևեք մեզ։

Փաշինյանի պատգամավոր աներորդին չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է Դավիթ Բալայանի ընտրությունը. «Ժողովուրդ»

08:45, 29 փետրվար 2024
Փաշինյանի պատգամավոր աներորդին  չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է Դավիթ Բալայանի ընտրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ անձամբ զրուցեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանի հետ, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ, այո, ինքը գնացել է քվեարկության, սեղանի մոտ զրուցել է կոլեգաների հետ ու հետ է գնացել։ Մեր այն հարցին՝ իսկ ինչի մասին է զրուցել, Հրաչ Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել։

 

Նշենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։

 

Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

 

Այսպիսով, Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն խոհրդարանական ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական