Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Որոշման ընդունման անհրաժեշտությունն առաջացել է աշխարհում արագ ընթացող թվային փոխակերպումների մարտահրավերներին համապատասխան։ Էլեկտրոնային դեղատոմսի ներդրումը ինքնին հավակնոտ ծրագիր է, սակայն նրա ներդրումը հնարավորություն կտա վերահսկել և կանոնակարգել դեղի մինչև պացիենտ հետագծելիությունը։
Ներկայումս գործող իրավական ակտով սահմանված Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի վերաբերյալ դրույթները և կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել գործող ծրագրին: Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի ներդրումն իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի ներդրումից, կատարելագործումից և խնդիրները վերլուծելուց հետո կիրականացվի նաև թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրման մասով ծրագրի ներդրում` հնարավոր ռիսկերից խուսափելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է դեղերի դուրսգրումը պացիենտներին իրականացնել էլեկտրոնային դեղատոմսերի տարբերակով, ինչը կբերի բնակչության կյանքի որակի լավացման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:
Որոշման հետ կապված՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ն դեղեր, որոնք շարունակվելու են վաճառվել առանց էլեկտրոնային դեղատոմսի, ո՞ր տեսակի դեղորայքներն են վաճառվելու էլեկտրոնային դեղատոմսով, ի՞նչ փուլերով են դեղորայքները մտնում էլեկտրոնային դեղատոմսի համակարգ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի ներկայացմամբ, այս պահին փակում է մոտ 20 տոկոս դեղորայքների ցանկն ընդհանուր այն դեղորայքների ցանկից: Որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի, որից 75-ը կենտրոնացված գնումներով է, 395-ն ընդհանուր ցանկի մեջ է: Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից: Ցանկի մեջ մտնում են հակաբիոտիկները, հակասնկային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկները, միզոպրաստոլ պարունակող դեղորայքը, իմունագլաբուլիները և պատվաստանյութերը: 2025 թվականի հունվարի 1-ից ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմսով վաճառքին: Ընդհանուր կա 3370 գրանցված անվանում, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմսով: Մնացած դեղորայքների վաճառքի համար էլեկտրոնային դեղատոմս պարտադիր չի:
Արձագանքելով Կառավարության ղեկավարը նշել է. «Այս որոշումը մի հետևյալ տրամաբանությամբ եմ շատ կարևոր համարում. ամենայն հարգանքով, բայց ժամանակ առ ժամանակ տարբեր տեղերից խոսակցություններ են լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմայի դեղի են նախապատվությունը տալիս, որ կապեր ունեն ֆիրմաների հետ և այլն», - և հավելել, որ թվայնացումը հնարավորություն կտա այս կարգի խոսակցություններն անհրաժեշտության դեպքում ստուգել և հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չէ: