Հայտնի է դարձել, թե աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի համար հայտարարված բաց մրցույթում որ տարբերակն է արժանացել մասնագիտական ժյուրիի հավանությանը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 60-ից ավելի հայտեր ու 100-ից ավելի մանրակերտերի տարբերակներ. աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում մասնագիտական ժյուրին կատարել է իր ընտրությունը: Դավիթ Մինասյանի հեղինակած «Լա Բոհեմ» ստեղծագործությունն 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:
«Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,-նշել է քաղաքապետը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հեղինակներին, ովքեր մասնակցել են մրցույթին: Ես տեսնում եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր հոգին ու սիրտն է դրել նախագծերում: Հիմնական դետալները, որ մենք կարևորել ենք, այն էր, որ հուշարձանը տեսանելի լինի բոլոր կողմերից: Այս քանդակի հիմքում դրված է նաև մի առանձնահատուկ գաղափար, որ հայրս միայնակ չէ, այլ շրջապատված է իրեն ծափահարող հանդիսատեսով»,-նշել Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նախագիծն այս իր յուրահատուկ նշանակությունն ունի: Քանդակը ոչ միայն կամբողջացնի հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի կփոխանցի Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: