Այսօր դիմակավորված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, կան վիրավորներ, հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 04։55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Ա․-ն է և հրազենային վնասվածքը ստացել է Արշակունյաց պողոտայում գործող «Max Oil» բենզալցակայանում։
Ժամը 05։10-ի սահմաններում էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնից է ոստիկանություն ահազանգ ստացվել, որ Արշակունյաց պողոտայից գլխի հատվածում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացի։
Ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորված անձանցից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։