Մերձդնեստրում զինված բախումների մեկնարկի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը հիանալի հնարավորություն է միավորելու Դնեստրի երկու ափերը՝ հանուն ընդհանուր բարեկեցիկ ապագայի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոլդովայի իշխանությունները ծաղիկներ են դրել Վշտալի մոր հուշարձանին՝ ի հիշատակ Մերձդնեստրի հակամարտությունում զոհվածների։ Միջոցառմանը ներկա են եղել նախագահ Մայա Սանդուն, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի անդամներ։
«Մոլդովան գտնվում է խաչմերուկում, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու որոշումը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ միավորելու մեզ մի նախագծի շուրջ, որը կհանգեցնի Դնեստրի երկու ափերի մարդկանց խաղաղ և բարգավաճ ապագային: Կառավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկրի խաղաղ վերամիավորման համար»,- ասել է Սանդուն։
Նա շնորհակալություն է հայտնել զինվորականներին և իրավապահներին, ովքեր ապահովում են խաղաղությունն ու անդորրը Մոլդովայում։