Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեռևս հեռու է միասնական արժութային համակարգիցց, սակայն անհրաժեշտ է զարգացնել միասնական վճարային համակարգերը, որոնք թույլ կտան համաշխարհային այս վիճակում, երբ կիրառվում են պատժամիջոցներ, այլ երկրների հետ իրականացնել փոխանցումներ, ձևավորել բարենպաստ բիզնես միջավայր։
«Այս հարցը բարձրացվել է վերջին տասը տարիներին, երբ ձևավորվում էր ԵԱՏՄ-ն, այն օրակարգում էր, մեր աչքի առաջ է ԵՄ-ի փորձը՝ միասնական արժույթի համակարգի ձևավորում, եվրոյի ներդրում։ Բայց մենք շատ հեռու ենք միասնական արժույթի ներդրմանը պատրաստ լինելուց: Դա պետք է լուծվի հինգ երկրների օրենսդրության խնդիրների ներդաշնակեցմամբ, բանկային ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմամբ: Սա պահանջում է տքնաջան աշխատանք»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի կառավարման փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Սարգսյանը հավելել է, որ այսօր հրատապ խնդիրը միասնական վճարային համակարգի ձևավորումն է․ «Հատկապես հաշվի առնելով պատժամիջոցները, երբ արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծվում ԵԱՏՄ երկրների և ազատ առևտրի գոտու գործընկերների միջև արդյունավետ փոխգործակցության համար, սա հրատապ խնդիր է»,- նշել է նա։ Սարգսյանի խոսքով, նման համակարգ պետք է ստեղծվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի, Չինաստանի հետ։