Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում դրական դինամիկա է նկատվում, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս գործընթացում կարևոր են անձնական հանդիպումները, վերջին շրջանում դրական դինամիկա է նկատվում այս ուղղությամբ: Նախ և առաջ ուզում եմ նշել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովում, որի նախաձեռնողը եղել է Գերմանիան։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում այս հանդիպումը, և այս հանդիպումից հետո որոշում կայացվեց անցկացնել արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Բայրամովն Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումում։
Բայրամովի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է լինի մշտական, որպեսզի հետագայում լրացուցիչ խնդիրներ չստեղծի։
«2021 թվականի հունվարից Ադրբեջանը սկսեց քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ 2022 թվականին Ադրբեջանը հայտարարեց հինգ կարևորագույն սկզբունքի մասին։ Այս հինգ հիմնական սկզբունքներն ընդունվեցին Հայաստանի կողմից։ Միևնույն ժամանակ, այն դրական գնահատվեց միջազգային հանրության կողմից։ Փաստաթղթի նախագիծը, որը պատրաստել է Ադրբեջանը և ներկայացրել մյուս կողմին, նույնպես կառուցված է նույն սկզբունքներով և ձևավորվել է միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է նա։