Հետևեք մեզ։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին ձերբակալել են Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար․ Հրանտ Տեր-Աբրահամյան

16:46, 03 մարտ 2024
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին ձերբակալել են Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանն այս պահին բերման են ենթարկել (ձերբակալել,-խմբ․) Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար:

«Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:
Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական այսպես կոչված անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:
Կիրակի, մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա»,-ասել է Տեր-Աբրահամյանը և հավելել, որ դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:
 
Քիչ առաջ Հրանտ Տեր-Աբրահամյանը լրացուցիչ տեղեկացրել է․
 
«Գրել էի, որ «Մարտական եղբայրության» անդամներ Ավետիս Ավետիսյանին ու Հենրիկ Մկրտչյանին այժմ ուղեկցում են Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք՝ Վերին Ոսկեպարի տարածք այցելելու համար, ինչն, իբր, անօրինական է: Չնայած այդ տարածք այցելել ենք նախկինում և մենք, և շատ այլ մարդիկ: Բայց տվյալ դեպքում դա չի նույնիսկ հարցը:
 
Մեզ համար պարզ է, որ հրահանգը եկել է ոչ թե Նոյեմբերյանից, այլ Երևանից: Արդեն տևական ժամանակ է, որ մեր բոլոր այցերի մասին Նոյեմբերյան տեղի ուժայինները նախապես տեղյակ են լինում, և համապատասխան զգուշացման աշխատանքներ տանում տեղացիների հետ:
 
Մենք Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ են, և որևէ բան ցայսօր չենք արել օրենքից դուրս, և բնականաբար չենք էլ նախատեսում անել:
Եվ մենք հարց ենք տալիս ՀՀ ղեկավարությանը, որի հրահանգավորմամբ մեր տղաներին չեն թողնում այցելել Վերին Ոսկեպար, ՀՀ ո՞ր օրենքով կամ ո՞ր իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացու կամ հատկապես Մարտական եղբայրության այցելությունը Վերին Ոսկեպար: Մանավանդ, որ այդտեղ այցելողներ այսպես թե այնպես լինում են:
 
Նաև ավելացնեմ, որ մենք այս իրավիճակից բացարձակապես ընկճված չենք:
 
Ենթադրել, որ «Մարտական եղբայրության» անդամներին, որոնց մեծ մասն անցել է պատերազմով կամ քաղաքական պայքարով, կարելի է վախեցնել ոստիկանությամբ շատ միամիտ է:
Բականաբար, մենք շարունակելու ենք անել մեր գործն՝ այնպես ինչպես ճիշտ ենք համարում ՀՀ օրենքների սահմաններում:
Այնպես որ կոչ եմ անում անիմաստ ժամանակ չվատնել մեզ «վախեցնելու» վրա: Մանավանդ, որ ներկա ղեկավարությունից շատերն անձամբ ճանաչում են թե՛ ինձ, թե՛ մեր մյուս անդամներից շատերին: Ես հուսամ, մեզ անձամբ ճանաչողները լուրջ չեն մտածում, որ մեզ հետ հնարավոր է նման լեզվով խոսել ու «խրատել»։
Մեր նպատակն է հայ ժողովրդին զգուշացնել և տեղյակ պահել վտանգների մասին, ասել ճշմարտությունը, և հնարավորինս պատրաստել ինքնապաշտպանությանը:
Շարունակելու ենք հանգիստ և հետևողական զբաղվել դրանով:
Այդ ճանապարհին սպասվող բոլոր զրկանքները մենք, բնականաբար, պատրաստ ենք կրել մինչև վերջ, ու որքան որ պետք լինի»։