«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանվածներին ֆինանսական աջակցության վեցամսյա ծրագրի ժամկետը շուտով կլրանա։ Կառավարությունը, հիշեցնենք, 2023թ․ հոկտեմբերի սկզբին կայացրեց այդ որոշումը` խոսքը 50 հազար դրամների մասին է, որն ամեն ամիս հատկացնում էին յուրաքանչյուր շնչին, 2024թ․ ապրիլի սկզբին ժամկետը սպառվում է, եւ փաստացի տնազուրկ արցախցիները փաստի առաջ են կանգնելու։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով ի պաշտոնե համակարգում է արցախցիների խնդիրները, փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քննարկվում է բնակարանային ապահովման ծրագիր, սակայն դա ոչ այնքան բնակարանով ապահովելու, որքան արցախցիներին պարտքով փող տալու ծրագիր է, քանի որ բավական չէ, որ որոշել են շնչին ընդամենը 3 մլն դրամ տալ, բացի այդ` չափահաս քաղաքացիները պարտավոր են լինելու այդ գումարը 10 տարի անց վերադարձնել պետությանը: Հակառակ դեպքում` այդ գումարներով գնված բնակարանները չեն սեփականաշնորհվի։
Արցախցիների շրջանում տեղեկություններ կան նաեւ, որ կառավարությունն ապրիլ ամսից սոցիալական աջակցությունը շարունակելու է, բայց խիստ կրճատված չափերով. թոշակառու արցախցիներին տրամադրելու են 20 հազարական դրամ, անչափահաս երեխաներին՝ 50 հազարական։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀ խորհրդարանը հայտարարությամբ արձագանքեց ՀՀ փոխվարչապետի՝ բնակարանով ապահովելու ծրագրի մասին հայտարարությանը՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Արցախի պատգամավորներն առաջարկում են 1 շնչին 5 միլիոն դրամ հատկացնել եւ անհատույց: Հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ-ն արցախցիներին արտագաղթի ճանապարհն է ցույց տալիս։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արցախցիները որոշել են նաեւ բողոքի ակցիաներ նախաձեռնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։