Հետևեք մեզ։

Ինչու՞ է Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում գրել. «Ժողովուրդ»

09:15, 06 մարտ 2024
Ինչու՞ է Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ զարգացումների ֆոնին Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը օրերս հայտարարեց, որ ազատման դիմում է գրել:

Արդեն նախկին դեսպանը փակագծեր չէր բացել իր հրաժարականի պատճառների մասին՝ միայն իր գրառման մեջ ակնարկելով, թե արտաքին քաղաքական հարցերում տարաձայնություններ ունի գործող իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառների մասին:

Այսպիսով, հիմնական պատճառն այն է, որ Մարուքյանը ամբողջությամբ տապալված է համարել Փաշինյանի իշխանության հնարած խաղաղության օրակարգը, դրա մասին Էդմոն Մարուքյանը հենց Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բարձրաձայնել է։

Մարուքյանն իր շրջապատին բացատրել է, որ իր հեռանալու պատճառներից է եղել նաեւ այն, որ հայկական կողմը համաձայնել է կատարել Ադրբեջանի հերթական անհեթեթ պահանջը, այն է՝ միջազգային բոլոր ատյաններից հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից:

Ընդ որում՝ երկու երկրների միջեւ նախապես այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել փոխադարձության սկզբունքով, սակայն, ինչպես միշտ, Ադրբեջանը խախտել է այն ու չի հրաժարվում իր հայցերից, սակայն Փաշինյանը հրահանգել է հայկական կողմի պատասխանատուներին պատրաստել դիմումներ, որ հրաժարվեն Ադրբեջանի դեմ հայցերից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանի հեռանալու պատճառներից մեկն էլ եղել է իր թվիթերյան գրառումներից մեկը Խոջալուի ջարդերի մասին, որից հետո Արարատ Միրզոյանի համակարգման տակ գտնվող ԱԳՆ-ից զանգել, նկատողություն են արել Մարուքյանին ու արգելել այլեւս նման բնույթի գրառումներ անել:

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էդմոն Մարուքյանին հրաժարականի ակնարկն արվել է ոչ թե Փաշինյանի, այլ հենց ԱԳՆ-ի «շուրթերով»:

Ահա այս բոլոր իրադարձությունները կուտակել են կրքեր նաեւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ում:

Բանը հասել է նրան, որ ԼՀԿ-ականները Մարուքյանից պահանջել են՝ պետք է հրաժարական տա կա՛մ դեսպանի, կա՛մ կուսակցության նախագահի պաշտոնից:

ԼՀԿ-ում ասել են, որ այս իշխանությունների օրոք պաշտոն զբաղեցնելը միայն վնասում է իրենց, ու թեեւ շատ հարցերում համաձայն չեն գործող իշխանությունների հետ, բայց չեն կարողանում բարձրաձայնել դրա մասին ու որպես իսկական ընդդիմադիր հանդես գալ:

Ահա արդյունքում Էդմոն Մարուքյանը որոշել է հրաժարվել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական