Հետևեք մեզ։

Մակրոնը շատախոս է, Շոլցն՝ անվճռական․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննադատել է ղեկավարներին

10:15, 06 մարտ 2024
Մակրոնը շատախոս է, Շոլցն՝ անվճռական․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը քննադատել է ղեկավարներին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «չափազանց դանդաղ ու անվճռական», իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ուղարկման մասին «շատախոսություն» է անվանել։


«Մեզ անհրաժեշտ են պետությունների ղեկավարներ, ովքեր գործում են վճռականորեն: Պատերազմի ժամանակ դուք չեք կարող առաջնորդել հասարակական կարծիքին հետևելով: Մեզ պետք է շատ ավելի վճռական գերմանական կառավարություն: Դաշնային կանցլեր Շոլցը չափազանց դանդաղ է, չափազանց կասկածամիտ: Նա իրեն առաջնորդի պես չի պահում», - ասաց նա:

Ռասմուսենի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ից հետո Գերմանիան է, որ ամենաշատ ֆինանսական ներդրումներն է անում Ուկրաինայում, Բեռլինի ներդրումը չի գնահատվում։ Ռասմուսենը նաև ասել է, որ չի հասկանում, թե ինչու Գերմանիան Taurus հրթիռներ չի մատակարարում։ Նրա խոսքով՝ ինքն էլ ավելի քիչ է հասկանում, թե ինչու ԱՄՆ-ը չի մատակարարում հեռահար ATACMS հրթիռներ, բայց թեմայի շուրջ չի ծավալվել։ Նախկին գլխավոր քարտուղարը դժգոհություն է հայտնել նաև Ֆրանսիայից և նրա նախագահից։

Ռասմուսենը Մակրոնի խոսքերը՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ուղարկման մասին «շատախոսություն» է անվանել։ «Սա շատախոսություն է: Այս կերպ Մակրոնը փորձում է զարդարել Ֆրանսիային տրամադրվող խայտառակ ցածր օգնությունը», - ասել է նա: