Հետևեք մեզ։

Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը․ փոխվարչապետի գրասենյակ

16:26, 06 մարտ 2024
Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Ազատությանը հայտնել  են՝ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Չորս դիրքապահի կյանք խլած Ներքին Հանդի դեպքերից հետո թեման բարձրացրած վարչապետ Փաշինյանը չէր հստակեցրել՝ արդյոք 4 գյուղերի վերադարձ պահանջող Ադրբեջանը հրաժարվում է հետ քաշվել 31 հայկական գյուղերից։ «Ազատություն»-ը հարցը փոխվարչապետի գրասենյակին էր ուղղել, նաև փորձել ճշտել՝ որոնք են այդ 4 գյուղերը։

«Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ», - հաղորդում են փոխվարչապետի գրասենյակից:

Ադրբեջանի պահանջած այս տարածքները Տավուշի մարզում են՝ հիմնականում անբնակ։ Ներքին Ոսկեպարի մոտով, օրինակ, անցնում է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը։

Սահմանազատման հանձնաժողովի վերջին՝ հունվարյան հանդիպումից կողմերը ոչ մի մանրամասն չներկայացրին։ Հիմա էլ հրաժարվում են պատասխանել՝ արդյո՞ք սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստում քննարկվել է 4 ու 31 գյուղերի հարցը։

Մանրամասներն՝ այստեղ: