Ադրբեջանում մարտի 6-ին ձերբակալվել են Toplum TV անկախ ինտերնետային հեռուստաալիքի 9 լրվգրողներ, ինչպես նաև 3 քաղաքական ակտիվիստներ։ Դա տեղի է ունեցել Toplum-ի խմբագրությունում և ձերբակալվածների տանը խուզարկություններից հետո։
Խուզարկությունների և ձերբակալությունների մասին նրանց հարազատները հայտնել են BBC-ին և «Ազատության» ադրբեջանական ծառայությանը։
Ադրբեջանի ՆԳՆ-ն վերոնշյալը չի մեկնաբանել։
Բաքվի Toplum TV-ի խմբագրությունում խուզարկությունը սկսվել է առավոտյան։ Լրագրողների հարազատներն ասել են, որ նրանց ոստիկանները տարել են, և նրանց հետ կապ չի եղել։ Գլխավոր խմբագիր Խադիջա Իսմայիլն ասել է, որ չգիտի, թե ինչը կարող էր հանգեցնել հետապնդման, և որ ալիքի դեմ գործեր հարուցելու իրավական հիմք չկա: «Մենք ներգրավված չենք եղել որևէ հանցագործության մեջ կամ որևէ անօրինական գործունեություն չենք կատարել», - ասել է նա, ապա հավելել. «Սա երկրում բռնաճնշումների ալիքի հերթական քայլն է».
Toplum TV-ն անկախ ինտերնետային հեռուստատեսություն է։ Ի թիվս այլ նյութերի, այն հրապարակում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի հետաքննություններ։
Ձերբակալված երեք ակտիվիստները՝ Ակիֆ Գուրբանովը, Արազ Ալիևը և Ռուսլան Իզզեթլին պատկանում են «Երրորդ հանրապետության հարթակ» հասարակական շարժմանը։ Այն հանդես է գալիս նախագահի լիազորությունների սահմանափակման և Ադրբեջանի կառավարման խորհրդարանական ձևի անցնելու օգտին:
Նախկինում՝ 2023 թվականի վերջին, Ադրբեջանում ձերբակալվել է մոտ 10 լրագրող։ Նրանց մեծ մասը Abzas Media հրատարակության աշխատակիցներ էին։ Այս գործով ձերբակալությունները սկսվել են 2023 թվականի նոյեմբերի 20-ին։