Հնդկաստանը 10 հազարով ավելացրել է իր զորքերի թիվը Չինաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն ռազմական աղբյուրներին։
Հնդկաստանն այս քայլին դիմել է Պեկինի հետ տարածքային վեճի գոտում իր սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Զինվորական անձնակազմը, որը նախկինում տեղակայված էր արևմտյան սահմանին, ուղարկվել է հարավասիական հանրապետության հյուսիս։ Նրանք կմիանան այնտեղ արդեն տեղակայված ինը հազար հնդիկ զինվորներից կազմված ռազմական կոնտինգենտին։ Միավորված ռազմական ուժերը պետք է հսկեն սահմանի 532 կմ հատվածը, որը բաժանում է Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանը հյուսիսային Հնդկաստանի Ուտարախանդ և Հիմաչալ Պրադեշ նահանգներից։
Ինչպես նշում է գործակալությունը, «զորքերի աննախադեպ տեղակայումը սահմանի այս հատվածում ընդգծում է ինչպես տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, այնպես էլ նրա աճող զգայունությունը Հնդկաստանի ղեկավարության աչքում»։
Հիմալայներում Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանազատված սահման չկա, երկու երկրները բաժանված են փաստացի վերահսկողության գծով, որը տասնամյակներ շարունակ լարվածության աղբյուր է մնացել: 1959-ին Հնդկաստանը հայտարարեց, որ չինական կողմը գրավել է Արունաչալ Պրադեշ նահանգի մի մասը, 1962-ին զինված հակամարտություն սկսվեց, որի արդյունքում Հնդկաստանին պատկանող մոտ 38 հազար քառակուսի մետրը անցավ Չինաստանի վերահսկողության տակ։