Հետևեք մեզ։

2023-ի վերջի դրությամբ ԵՄ 2,6 մլրդ եվրո աջակցության ծրագրից միայն 550 մլն-ի ծրագրերն են հաստատվել, մեկնարկել. «Հրապարակ»

09:52, 08 մարտ 2024
2023-ի վերջի դրությամբ ԵՄ 2,6 մլրդ եվրո աջակցության ծրագրից միայն 550 մլն-ի ծրագրերն են հաստատվել, մեկնարկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2023-ի վերջի դրությամբ ԵՄ 2,6 մլրդ եվրո աջակցության ծրագրից միայն 550 մլն-ի ծրագրերն են հաստատվել, մեկնարկել։ Մեր հարցմանն այս պատասխանն տվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Մենք խնդրել էինք նկարագրել, թե ինչ փուլում են այդ ծրագրերը։ 2022 թ․ դեկտեմբերի 27-ին 70 մլն եվրոյի վարկային պայմանագիր է ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին ուղղելու նպատակով։ Այդ պայմանագրի շրջանակում իրականացվող «Հայաստանի տնտեսական դիմակայունություն» ծրագիրը փաստացի մեկնարկել է 2023 թ․ դեկտեմբերի վերջին: «Ծրագիրը միտված է ՓՄՁ-ների կանաչացմանը եւ տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային եւ ներառական զարգացում ապահովող բիզնեսներին»,- հայտնում է գրասենյակը։ 2023 թ․ վերջի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ շուրջ 230 մլն եվրո արժողությամբ ծրագրեր են ստորագրվել։ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնում է, որ հաստատվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ»՝ 37 մլն եվրո արժողությամբ ծրագիրը (10 մլն եվրո՝ ԵՄ դրամաշնորհ, 25 մլն եվրո՝ ԵՆԲ վարկ, 2 մլն եվրո՝ Երեւանի քաղաքապետարանի համաֆինանսավորում)։ Այն ուղղվելու է Երեւանի 32 մանկապարտեզների եւ 6 պոլիկլինիկաների վերանորոգմանը։

 

Ի՞նչ է արվել Սյունիքի համար։ Առայժմ տեղեկանում ենք Սյունիքի զարգացմանն ուղղվող 116 մլն եվրոյի մասին, որը 2,6 մլրդ եվրոյի փոքր մասն է։ «2023-ին տրվել է ԵՄ անդամ մի շարք պետությունների, Շվեյցարիայի, ինչպես նաեւ ԵՆԲ-ի համատեղ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկը, որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար հայտարարվել էր շուրջ 51 մլն եվրո, իսկ տարվա ընթացքում ավելացել է՝ դառնալով շուրջ 116 մլն: Նախաձեռնության հիմնական նպատակներն են՝ նպաստել Սյունիքի մարզում ձեռնարկությունների համար գործարար միջավայրի բարելավմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն եւ որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը»։

 

Ի՞նչ ասել է՝ «քաղաքացիակենտրոն ու որակյալ հանրային ծառայություններ», կոնկրետ ի՞նչ է արվել։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որ երեկ գնացել էր ուսումնասիրելու, թե ինչ վիճակում են նոր կառուցվող ճանապարհները, չպատասխանեց զանգերին։ Տեղեկացանք, որ Սյունիքի վերականգնման, դիմակայունության եւ զարգացման ծրագիրն իրականացնում է Ավստրիայի զարգացման գործակալությունը։ Դեռ անցյալ մայիսին Սյունիքի մարզպետի հետ պայմանավորվել էին, որ 5 տարում 11 մլն եվրոյի ներդրում են անելու՝ միջին բիզնեսի մրցունակության բարձրացմանը, փոքր ենթակառուցվածքների վերականգնմանը։ Առայժմ միայն 2 նոր գրասենյակ է հիմնվել, կահավորվել՝ Երեւանում ու Կապանում, բազմաթիվ աշխատողներ են ընդունել, բայց ինչ են անում՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, դեռ կոնկրետ քայլեր չեն արվել, թեեւ եվրոպական փողերն արդեն ծախսվում են գրասենյակի, աշխատողների վրա։ Եվրոպական փողերի ծախսման կարեւոր ուղղություններից են լինելու նաեւ կրթությունը, արդարադատությունը, էներգետիկ անվտանգությունը։ «2023-ի ընթացքում հաստատվել են նաեւ 49,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 3 դրամաշնորհային համաձայնագրեր (2-ը՝ բյուջետային աջակցության), մասնավորապես՝ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» (32 մլն եվրո), «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ II» (11 մլն եվրո) եւ «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» (6,5 մլն եվրո)»,- հայտնում է կառավարությունը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Վերլուծական