92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը պատրաստվում է շուտով ամուսնանալ ռուս գործարար Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչի՝ Ելենա Ժուկովայի հետ։ Սա կլինի Մերդոկի հինգերորդ ամուսնությունը, ում պատկանում է News Corp-ը՝ աշխարհի խոշորագույն մեդիա կորպորացիաներից մեկը:
Մերդոկի շրջապատի ներկայացուցիչները New York Times-ին հայտնել են, որ նա արդեն նշանվել է 67-ամյա Ժուկովայի հետ, իսկ հարսանիքը տեղի կունենա հունիսին՝ Կալիֆորնիայի մագնատների կալվածքում։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Ելենա Ժուկովան ռուս միլիարդատեր Ալեքսանդր Ժուկովի նախկին կինն է և մոդել Դարիա Ժուկովայի մայրը, ում հետ Ռոման Աբրամովիչը ամուսնացած է եղել 2008-ից 2017 թվականներին։
Ավստրալացի Ռուպերտ Մերդոկն անցյալ տարի հրաժարական տվեց News Corp համաշխարհային մեդիա կորպորացիայի և իր ստեղծած Fox հեռուստաալիքի խորհրդի նախագահի պաշտոնից՝ վերահսկողությունը հանձնելով իր երեխաներին:
Ըստ մամուլի՝ նա Ելենա Ժուկովայի հետ հանդիպում է անցած ամառվանից։ Նրանք հանդիպել են Մերդոկի նախկին կանանցից մեկի՝ չինացի գործարար Վենդի Դենգի կազմակերպած երեկույթին, անմիջապես այն բանից հետո, երբ մեդիամագնատը խզել է իր նշանադրությունը նախկին ոստիկանապետ Անն Լեսլի Սմիթի հետ: